Բաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ Սահակյան
«Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն»,- ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա մանրամասնեց. «Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։
Իհարկե, խախտվում են նաև նրանց այլ իրավունքներ, օրինակ, զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է։
Միակ բանը, որը տրամադրված է, վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է։ Օրինակ, երեք դատապարտվածներ կարողանում են զանգել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսների դեպքում ապահովված է շաբաթական 1 անգամ զանգ։ Զանգի տևողությունը փոփոխական է՝ 2 րոպե, 3 րոպե, որոշ դեպքերում՝ 10 րոպե։ Բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են նաև հարկադիր ընդհատվել։ Դրա վառ օրինակը տեսանք Ռուբեն Վարդանյանի օրինակում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռն իրեն չտրամադրելու խնդիրը, հարկադրաբար զանգն ընդհատվեց։
Զանգել հնարավոր է բացառապես ընտանիքի անդամներին»։
Ս. Սահակյանն ասաց, որ վերջին ամիսների ընթացքում հեռախոսազանգերի ընթացում ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը։
«Մշտապես դժգոհում են, որ պատշաճ բուժօգնություն չի կազմակերպվում, որոշակի ժամից հետո բուժանձնակազմի ներկայացուցիչ չկա այդ հաստատությունում, անհրաժեշտության դեպքում հրատապ օգնության ցուցաբերելու հնարավորությունը բացակայում է։ Հիմնականում, կարող է ծայրահեղ իրավիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրվի։
Մեր իմացությամբ՝ հայերի համար պատշաճ կերպով չի կազմակերպվում բուժօգնություն, սպասարկում»։
Նա նաև նշեց, որ ահանզանգեր են հնչել, որ անձն ունի կոտրվածքներ. «Ոչ թե գոյություն ունեցող հիվանդության վատթարացում է, այլ ծեծի հետևանքով կոտրվածքի առաջացանում»։ Սահակյանը նշեց, որ իրենց հայտնի է, թե ովքեր են ծեծի հետևանքով կոտրվածքներ ստացել, բայց չեն կարող անունները հրապարակայնացնել։