«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն)
ԱԽ քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո՝ քաղաքացի Եսայի Քարամյանը հայտնվել է իրավապահների թիրախում, գրում է «Ազատությունը»։
Քրեական գործ է հարուցվել պաշտոնյային սպառնալու համար, Քարամյանին ձերբակալել, մեքենան առգրավել ու երեք ամիս է՝ չեն վերադարձնում։
«Ցույց տվեցի ձեռքս, ասացի՝ հիշո՞ւմ ես սա, սրա համար պատասխան ես տալու: Ինքը սկզբում զարմացած էր, հարցրեց՝ «բա ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։ Ասացի՝ շատ ուղիղ, հունիսի 12-ի դեպքերի հետ կապված է այս վնասվածքը եղել», - «Ազատության» հետ զրույցում պատմել է Քարամյանը:
Եսայի Քարամյանը 2024-ի հունիսյան դեպքերի տուժողներից է։ Երբ ոստիկաններն ուժով ու լուսաձայնային նռնակներով ցրեցին Բագրատ Սրբազանի առաջնորդած ցույցը, Քարամյանի աջ ձեռքի կեսը մնաց, մատներն ու դաստակի մի մասը կտրվել են, նռնակն ընկել էր Քարամյանի ոտքերի մոտ, կռացել, վերցրել ու ձեռքում պայթել է։
Նախընտրական քարոզարշավի օրերին Արաբկիրում Եսայի Քարամյանը «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական խմբում նկատելով Ալեն Սիմոնյանին՝ մեքենայի ապակին իջեցրել է, վնասված ձեռքը ցույց տվել ու ասել՝ պատասխան է տալու։ Մեկ ժամ չանցած իրավապահները գնացել են նրա հետևից։
«Ասացի՝ դու ինձ զրպարտել ես, որ հայտարարել ես, որ ես կռացել եմ այդ նռնակը վերցրել, իբրև թե, ոստիկանների վրա շպրտելու համար։ Ինքն էլ զարմացած՝ «բա ինչի՞ համար էիր կռացել, վերցրել էիր ջեբդ դնեի՞ր»։ Նորից կրկնեցի, որ պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Միանգամից բորբոքված՝ «բա սպառնո՞ւմ ես»։ Ասեցի՝ չէ, օրենքով, բա՝ «արի խոսանք։ Դե, բնականաբար, մեքենան փողոցի մեջտեղը չէի կանգնեցնելու, կնոջս ու տարուկեսական երեխային էլ չէի թողնելու մեջը, հելնեի իր հետ խոսայի, հատկապես, որ խոսելու բան էլ չկա։ Ու արդեն դե հասկանալով, որ խցանում է առաջանում, շարունակեցի ճանապարհս ու լսեցի հետևից հրահանգը, որ՝ «համարները գրեք», - «Ազատությանը» պատմել է Քարամյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։