ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան փորձում են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի մյուս անդամ պետությունների աջակցությունը ստանալ՝ հաջորդ շաբաթ Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու մասին բանաձև ընդունելու համար։ Հայտնում է Reuters-ը։
Ընդունման դեպքում փաստաթուղթը կդառնա 2025 թվականի հունիսին ընդունված բանաձևի շարունակությունը, որով Իրանը ճանաչվել էր միջուկային զենքի չտարածման ոլորտում իր պարտավորությունները չկատարող երկիր՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ բավարար համագործակցություն չցուցաբերելու պատճառով։ Խոսքը չհայտարարված օբյեկտներում հայտնաբերված ուրանի հետքերի վերաբերյալ հետաքննության մասին էր։
Նոր բանաձևը կարող է դառնալ Իրանի միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի շուրջ տարիներ շարունակվող հակասությունների գագաթնակետը։
Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո Թեհրանը թույլ չի տալիս տեսուչներին մուտք գործել մի շարք օբյեկտներ և չի տրամադրում Իրանի՝ հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ արդիական տվյալներ։