Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց ունեցվածքները և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի հայտարարագիրը։
Գևորգ Քոչարյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի մարտի 17-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։
Մինչ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը՝ 2020-2025 թվականներին Քոչարյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ։ 2019-2020 թվականներին աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես դատախազ, իսկ 2016-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ։
Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա 2025 թվականի սկզբում Գևորգ Քոչարյանի հայտարարագրում առկա են եղել հողամաս և բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սակայն տարվա ընթացքում բնակարանը վաճառվել է։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին այն օտարվել է 9 մլն 575 հազար դրամով։ Տարվա վերջում որպես անշարժ գույք հայտարարագրված է մնացել հողամասը։
Քոչարյանը նաև ունի 2016 թվականի արտադրության Maserati մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2023 թվականի մարտի 31-ին՝ գնման միջոցով։
Պաշտոնյան 2025 թվականին ձեռք է բերել նաև 1 մլն դրամի պարտատոմսեր՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից։
Բանկային ավանդների մասով տարվա վերջում Քոչարյանն ունեցել է երկու՝ 15 հազարական ԱՄՆ դոլարի ավանդ, ինչպես նաև 5 մլն դրամի ավանդ։ Միաժամանակ, տարվա սկզբում հայտարարագրված են եղել 13 հազար դոլարի և 4 հազար եվրոյի ավանդներ, որոնց համապատասխան մնացորդը տարվա վերջում զրոյական է նշված։
Կանխիկ դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Տարվա սկզբում Քոչարյանը հայտարարագրել էր 350 հազար դրամ, 15 հազար դոլար և 5 հազար եվրո կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ 500 հազար դրամ, 3 հազար դոլար և 2500 եվրո։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում կազմել են 56 հազար 866 դրամ, 8 դոլար և 3 եվրո։
Գևորգ Քոչարյանի 2025 թվականի հայտարարագրում ընդհանուր եկամուտը կազմել է 43 մլն 514 հազար 142 դրամ։ Դրանից ՀՀ դատախազությունից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 157 հազար 252 դրամ, իսկ Արդարադատության նախարարությունից ստացածը՝ 14 մլն 938 հազար 590 դրամ։
Բացի աշխատավարձից, հայտարարագրում որպես եկամուտներ ներառված են բնակարանի վաճառքից ստացված 9 մլն 575 հազար դրամը, բանկային ավանդների դիմաց ստացված 474 հազար 826 դրամի տոկոսները, այլ եկամուտներ, ինչպես նաև 2 մլն դրամի նվիրատվություն։
Պաշտոնյան տարվա ընթացքում ունեցել է նաև մի շարք խոշոր ծախսեր։ Հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության համար ծախսել է 2 մլն 400 հազար դրամ, վարկի մարմանն ուղղել է 3 մլն 296 հազար 537 դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 2 մլն 500 հազար դրամ։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Քոչարյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 415 հազար 837 դրամ։ Դրանցից ամենախոշոր պարտավորությունը՝ 16 մլն 530 հազար 729 դրամ, կապված է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի հետ։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի հայտարարագրում առկա են Երևանում հողամաս, 2016 թվականի Maserati, բանկային ավանդներ, պարտատոմսեր, կանխիկ և բանկային միջոցներ։ Նրա 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 43.5 մլն դրամից ավելի, իսկ տարվա վերջում վարկային պարտավորությունները՝ 21.4 մլն դրամից ավելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։