Իրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին ի պատասխան իրականացնել կանխարգելիչ ռազմական գործողություններ։
Այս մասին հայտնել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան։
Նրա խոսքով՝ խոսքը երկրի ռազմական ռազմավարության էական փոփոխության մասին է։
«Ամենուր, որտեղ մենք վտանգ ենք արձանագրում, իրականացնելու ենք կանխարգելիչ գործողություններ։ Մեր ռազմական դոկտրինը փոփոխվել է՝ ուղղվելով դեպի կանխարգելիչ պաշտպանություն և զսպմանն ուղղված գործողություններ», - հավելել է գեներալը։
Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունների նյութերին և վերլուծաբանների գնահատականներին, հայտնել էր, որ Վաշինգտոնի հետ վեց ամիս տևած դիմակայության ընթացքում Թեհրանը զգալիորեն ամրապնդել է վստահությունը սեփական ռազմական ներուժի նկատմամբ։