Բոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներ
Բոլիվիայի Վիաչա քաղաքում ռազմական տեխնիկայի սպասարկման կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս 59-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Unitel հեռուստաալիքը:
«Երկու զոհ կա, յոթ մարդ համարվում է անհետ կորած, 59-ը՝ վիրավոր», - հեռուստաալիքի կայքը մեջբերում է ոստիկանության հրամանատարի տեղակալ Ռոջեր Ռոկիի խոսքերը։
Բոլիվիայի պաշտպանության նախարար Էռնեստո Խուստինիայնոյի խոսքով՝ վիրավորների թվում վեց զինվորական կա, իսկ մյուսները քաղաքացիական անձինք են։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։ Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ պահվում էին տեխնիկական նյութեր:
Պայթյունի ալիքից վնասվել են նաև հարակից տները։