Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի Հայաստան
Ադրբեջանն այսօր հերթական խմբաքանակով դիզելային վառելիք կուղարկի Հայաստան։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից Բեյուք-Քյասիկ կայարանի ուղղությամբ կուղարկվի 16 վագոն՝ ընդհանուր 977 տոննա դիզելային վառելիքով։
Ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան էր արտահանվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 գրեթե 5 հազար տոննա բենզին։
Բացի այդ, Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան կիրականացվի ապրանքների հերթական մատակարարումը։
Մասնավորապես, կուղարկվի ցորեն 5 վագոն՝ ընդհանուր 355 տոննա, 3 վագոն՝ 180 տոննա պարարտանյութ, և 2 վագոն՝ 138 տոննա փայտանյութ:
Ավելի վաղ Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել շուրջ 60 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։