ԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության հարցերով նախարար Սերգեյ Շկլյաևը աշխատանքային այցով եղել է «Կրասկինո» և «Խասան» անցակետերում, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ սահմանակից Ռուսաստանի հատվածում։
ԵԱՏՀ նախարարը ծանոթացել է անցակետերի շինարարության ընթացքին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այն թվային տեխնոլոգիաներին, որոնք կիրառվելու են մաքսային գործողությունների իրականացման արագությունն ավելացնելու և մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Այդ տեխնոլոգիաների շարքում են տրանսպորտային միջոցների անընդհատ սկանավորումը՝ պորտալային տիպի զննման-ստուգման համալիրների կիրառմամբ, համարանիշների ավտոմատ ճանաչման համակարգերը, ինչպես նաև քաշային և չափային հսկողության համակարգերը, որոնք ինտեգրված են անցակետի միասնական տեղեկատվական համակարգին։
«Անցակետերի զարգացումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը արտաքին առևտրի հոսքերի ավելացման կարևորագույն նախապայմաններն են։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել ոչ միայն անցակետերի թողունակության աճը, այլև ստեղծել առավել հարմարավետ և թափանցիկ պայմաններ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ պահպանելով մաքսային արդյունավետ հսկողությունը», – նշել է Սերգեյ Շկլյաևը։
Այցի ընթացքում քննարկվել են Միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից նոր տեխնոլոգիաների գործնական կիրառման հարցերը՝ այդ թվում հաշվի առնելով մաքսային վարչարարության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը։