Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ
Ամերիկյան «Ամազոն» (Amazon) ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի փորձ կատարելիս դուրս է եկել Մայամիի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս հինգը՝ ծանր վիրավորվել են։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Boeing 767-300 բեռնատար ինքնաթիռը գետնի վրա հարվածել է մի քանի մեքենայի։
«Ամազոն»-ը հայտնել է, որ «սերտորեն համագործակցում է տեղի իշխանությունների և պաշտոնյաների հետ՝ կատարվածը ճշգրիտ հասկանալու համար»։ Ընկերությունից ցավակցել են զոհվածների ընտանիքներին։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) բոլոր չվերթների իրականացումը դադարեցրել է, մինչ հրշեջները շտապել են ծխացող ինքնաթիռի վթարի վայր։
«Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։ Այս պահին մեր ուշադրության կենտրոնում զոհվածների ընտանիքներն են, վիրավորները և շարունակվող փրկարարական աշխատանքները», – սեպտեմբերի 6-ին երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լևին Քավան։
Մայամիի հրշեջ ծառայության ղեկավար Ռայեդ Ջադալլահը հայտնել է, որ վթարի վայրում աշխատել է ավելի քան 200 հրշեջ։ Հրդեհը մարվել է, սակայն տարածքում դեռևս վառելիքի արտահոսք կա։
Ջադալլահի խոսքով՝ վիրավորներից երեքի վիճակը ծանր է։ Նա մանրամասնել է, որ վիրավորներից մի քանիսը արգելափակվել էին մեքենաների ներսում կամ դրանց տակ և դուրս են բերվել հրշեջ-փրկարարական խմբերի օգնությամբ։
Պաշտոնյաները հայտնել են, որ վթարի պատճառի մասին դեռ վաղ է խոսել։ Դեպքը հետաքննելու է ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), որը հետաքննում է երկրում տեղի ունեցած ավիավթարները։