Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Մեր տեղեկություններով, օրեր առաջ` կրակային պատրաստության ատեստավորման քննության ժամանակ, պայմանագրային զինծառայող մի կին է ուշաթափվել, սակայն տեղում պատշաճ բուժօգնություն չեն կարողացել ցուցաբերել, ատեստավորման քննության ժամանակ առաջին բուժօգնության համար պայմաններ ապահովված չեն: Մեր աղբյուրի խոսքով` կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել, եւ մասնագիտացված բժիշկներն են կնոջն օգնություն ցույց տվել:
ՊՆ խոսնակը մեզ պարզաբանեց. «Ատեստավորումն անընդհատ պրոցես է, որին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր զինծառայողներ: Ընդ որում, առարկաները հետեւյալն են՝ քննություն ֆիզպատրաստությունից, կրակային եւ շարային, ինչպես նաեւ՝ մասնագիտական առարկաներից: Ատեստավորման ընթացքում ինքնազգացողության վատթարացման հետեւանքով որեւէ զինծառայողի հոսպիտալացման դեպք համապատասխան ստորաբաժանումը չի արձանագրել»: Բանավոր մեզ ասացին, որ ֆիզպատրաստության քննության ժամանակ զինծառայողները բարդ առաջադրանքներ են կատարում` պտույտներ եւ այլն, ինչի ժամանակ հնարավոր է նաեւ, որ ատեստավորվողի ինքնազգացողությունը վատանա: