Եմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավոր
Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ լայնածավալ գործողություն է իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային «Saudi Aramco» ընկերության օբյեկտների և ռազմական բազայի դեմ՝ ի պատասխան Եմենի ուղղությամբ իրականացված հարվածների։
«Ի պատասխան հակառակորդի հանցագործությունների՝ մենք իրականացրել ենք լայնածավալ հատուկ ռազմական գործողություն, որի թիրախում են եղել «Aramco»-ի օբյեկտները Աբհայում, Նաջրանում, Ջիզանում և տնտեսական գոտում, ինչպես նաև Խամիս-Մուշայտի ռազմաբազան»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ լայնածավալ գործողությունն իրականացվել է տասնյակ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք զգալի վնաս են հասցրել թիրախներին։ Հութիների ներկայացուցիչը գործողությունը ներկայացրել է որպես պատասխան վերջին երեք օրերին Եմենի տարածքին հասցված ավելի քան 120 ավիահարվածների։
Արաբական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ հարվածների հետևանքով կա 73 վիրավոր, որոնց թվում կան կանայք և երեխաներ: