Ռուսական կողմի «պրետենզիաները» առնչվել են «ԼՂ-ի նկատմամբ ագրեսիա» եզրույթին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում սպասում էին, որ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի ՆԳ եւ ԱԱ մշտական հանձնաժողովի համատեղ փակ քննարկումներից հետո Պետդումայի ներկայացուցիչները կմեկնեն Ղարաբաղ` լրացնելու Արցախ այցելած Լիտվայի, Հունաստանի խորհրդարանականների ցանկը, սակայն վերջիններս հրաժարվեցին մեկնել «ընթացակարգային» խնդիրների պատճառով, չնայած նախնական պայմանավորվածություններ կային, եւ ՌԴ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտարարել էր ապրիլի 5-ին, որ պատվիրակությունը մեկնելու է Ղարաբաղ` վիճակն ուսումնասիրելու:
ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները չստորագրեցին նաեւ համատեղ հայտարարությունը` պատճառաբանելով, որ Պետդումայում 3 նման հանձնաժողով կա, եւ նրանց հետ նույնպես պետք է այդ հայտարարությունը քննարկվի, համաձայնեցվի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ռուսական կողմի «պրետենզիաները» հիմնականում առնչվել են «ԼՂ-ի նկատմամբ ագրեսիան» եզրույթին, ինչպես նաեւ Ադրբեջանին դատապարտելու մոտեցմանը: Ռուսաստանում չե՞ն ուզում նեղացնել «յոլդաշ» Ալիեւին, հարցրինք մեր զրուցակցին: «Ոչ, ոչ, պետք չէ այդպես միանշանակ, մի շտապեք, կգնան, կքննարկեն, կուղարկեն հայտարարության տեքստը, նոր եզրակացություններ կանենք, դեռ սպասենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում