Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներին
Իսրայելը չի ծրագրում բռնի կերպով Գազայի հատվածից տեղահանել կամ արտաքսել պաղեստինցիներին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք չենք ծրագրում որևէ մեկին տեղահանել կամ արտաքսել Գազայի հատվածից»,- ասել է Սաարը Լյուբլյանայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա բացել է Իսրայելի դեսպանատունը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Իսրայելը չի խոչընդոտի նրանց, ովքեր կամավոր կորոշեն հեռանալ Գազայից, եթե գտնվի մի երկիր, որը պատրաստ կլինի նրանց ընդունել։
«Մենք ոչ մեկին չենք ստիպի իր կամքին հակառակ»,- ընդգծել է Սաարը։
Հայտարարությունը հնչել է Իսրայելի կառավարության ներսում տարաձայնությունների ֆոնին՝ Գազայից պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման հարցի առնչությամբ։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը ավելի վաղ հանդես էին եկել այնպիսի միջոցների օգտին, որոնք պետք է խթանեն հատվածի բնակիչներին լքել տարածքը։
Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Գազայից պաղեստինցիների զանգվածային արտագաղթին աջակցելու ծրագրերը շարունակում են մնալ քննարկման առարկա։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ ծրագրերն ընդամենը «սառեցրել» է, սակայն դրանք վերջնականապես չեն հանվել օրակարգից։
«Ի վերջո, առանց այս ներգաղթի Գազայի համար իրական լուծում գոյություն չունի»,- այն ժամանակ հայտարարել էր Կացը։