Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:
Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։
Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։
Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։
Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում»: