ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. Պաշտպան
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՊԵկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի։ Հակակոռուպցիոն դատարանի բակում դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով նրա առողջական վիճակի մասին։
«Քրեակատարողական հիմնարկում այդ պայմանները հնարավոր չէ ապահովել։ Չկան նման հարմարություններ։ Բերել են հաշմանդամների համար սայլակ, բայց դրա վրա պետք է հնարավոր լինի նստել, դրանից օգտվել, դրա հնարավորությունն առկա չէ»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ նշանակված է խնամակալ, օրը երեք անգամ այցելում է Գագիկ Խաչատրյանին։
Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք միջնորդել են թույլ տա Խաչատրյանին բուժող բժիշկն իր միջոցներով այցելի և նրան զննության ենթարկի. «Սա կալանավորված մեղադրյալի իրավունքն է։ Մոտ մեկ շաբաթ ոչ մի արձագանք, պատասխան չկա։ Հարց է ծագում՝ ինչու թույլ չեն տալիս իրեն բուժող բժիշկն այցելի ՔԿՀ։ Բյուրոկրատիզմի հետևից են ընկել, ձևականություն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում»։ Դրանից հետո դատարանի որոշմամբ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին երկու ամսով կալանավորվել է, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։