«Անմիջապես ցանկացա զանգահարել մորս». Լավրովը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է սեպտեմբերի 11-ի ողբերգությունից իր մոտ «նստվածք տված» հույզերի մասին: Ինչպես նա նշել է РБК-ին տված հարցազրույցում, ահաբեկչությունը ավելի շատ սարսափ ֆիլմ էր հիշեցնում, քան իրականություն։
Ողբերգության մասին լուրը Լավրովը լսել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի աշխատասենյակում, որի պաշտոնը նա զբաղեցնում էր 2001 թվականին։
«Աշխատասենյակը «խուլ» տարածք էր՝ հատուկ սարքավորումներով, որոնք խլացնում են ցանկացած ձայն, որպեսզի այնտեղից ոչինչ դուրս չգա։ Ես ոտքով էի եկել աշխատանքի: Գիշերվա ընթացքում Մոսկվայից թղթեր էին ուղարկել, հեռագրեր, տեղեկություններ ամբողջ աշխարհից, քանի որ Նյու Յորքում քննարկվում են աշխարհի բոլոր խնդիրները։ Իմ աջ կողմում հեռուստացույց էր։ Ինչքան հիշում եմ՝ այդ պահին հեռուստացույցով CNN-ի ինչ-որ լրատվական ալիք էր միացված, իսկ ձայնը անջատած էր: Ես նայեցի աչքի պոչով՝ էկրանին երկնաքեր էր երևում, և ինքնաթիռը մխրճվեց դրա մեջ ու պայթեց։ Մտածեցի, թե ինչ-որ սարսափ ֆիլմեր են ցուցադրում առավոտյան ժամը ութին... Աշխատանքը շարունակեցի, բայց ինչ-որ բան ինձ մոտ «նստվածք տվեց»։ Սկսեցի դիտել ու հասկացա, թե ինչ է կատարվում», - հիշողություններով կիսվել է ՌԴ ԱԳ նախարարը։
Տեղի ունեցած ողբերգությունը գիտակցելուց հետո Լավրովը որոշել է մորը հանգստացնելու համար զանգահարել Մոսկվա։ Ստացիոնար հեռախոսը խափանված էր, և կապի ազդանշան գտնելու նա ստիպված էր «վազել Մանհեթենով մեկ»։ Ապա սկսվեց ակտիվ աշխատանք՝ պարզելու այն հայրենակիցների հանգամանքներն ու ճակատագրերը, որոնք տվյալ պահին կարող էին լինել զույգ աշտարակներում: