Իսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքների
Ջրի ջերմաստիճանի մոնիթորինգի համակարգերն այս ամռանը Իսպանիայի Ատլանտյան ափերի և նրա Միջերկրական ծովի ափերի մոտ ռեկորդային արժեքներ են գրանցել, ուրբաթ հայտնել են արևմտյան լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ ռեկորդները գրանցել են այդ նպատակով օգտագործվող մի քանի ծովային խարսխավոր լողան։ Այսպես, Բալեարյան կղզիների մոտ գտնվող խարսխավոր լողանն օգոստոսի 5-ին ցույց է տվել 33,02 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։
Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Բարսելոնայի և Տարագոնա քաղաքի մոտ գտնվող առափնյա խարսխավոր լողաններն օգոստոսի 9-ին համապատասխանաբար գրանցել են 30,5 և 30,7 աստիճան ըստ Ցելսիուսի։
Ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել նաև հյուսիսային ափերի մոտ գտնվող Բիսկայի ծոցում. Պասախես քաղաքի մոտ ջրի ջերմաստիճանը հասել է 28,4 աստիճան ըստ Ցելսիուսի։
Ամռանն Իսպանիայում հաստատվել է չափազանց շոգ եղանակ։ Երկրի բազմաթիվ շրջաններում գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ։ Բարձր ջերմաստիճանների պատճառով Իսպանիայում բռնկվել են անտառային հրդեհներ, որոնք, ըստ Հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգի տվյալների, գրեթե 300 հազար հեկտար անտառներ են ոչնչացրել։