Փաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ
Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Վարչապետը, ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է նրանց մարզային նախընտրական փուլը հաղթահարելու և եզրափակիչ փուլին մասնակցելու առիթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում նպաստում է հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը։ Այս տարի հատկապես խորհրդանշական է՝ մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին:
Հանդիպման ընթացքում տարբեր մարզերի ներկայացուցիչները հանդես են եկել նաև մշակութային և երաժշտական կատարումներով։
Եզրափակիչը կանցկացվի վաղը՝ սեպտեմբերի 12-ին, Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Երափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած 22 թիմերը՝ ընդհանուր 66 մասնակցով։
Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։