Իրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքից
Իրաքի վարչապետ Ալի ազ-Զաիդին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի ուղղությամբ ԱԹՍ-ով հարձակումն իրականացվել է Իրաքի Մայսան նահանգից։
Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հայտարարության մեջ նշվում է, որ Մայսան նահանգում գործողությունների հրամանատարը պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ հաստատվել է, որ հարձակումն իրականացվել է նրա պատասխանատվության գոտում գտնվող տարածքից։
Հայտարարության համաձայն՝ Իրաքի վարչապետի աշխատակազմը նաև հանձնաժողով ստեղծելու հրահանգ է տվել՝ նահանգի օպերատիվ հրամանատարության գործունեությունը հետաքննելու նպատակով։
Իր հերթին Իրաքի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանը նշել է. «Իրաքի կառավարությունը դատապարտում է եղբայրական Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ ուղղված հարձակումները և հաստատում իր մերժումը ցանկացած ագրեսիայի նկատմամբ, որը սպառնում է թագավորության անվտանգությանը և կայունությանը կամ խաթարում երկու երկրների միջև առկա խոր եղբայրական հարաբերությունները»։
Նա նշել է, որ Բաղդադում ողջունում են տեղի ունեցածին Էր-Ռիադի արձագանքը։