ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասին
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ երեք քաղաքներում տեղակայված մետալուրգիական ձեռնարկություններին։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը իր Telegram-ալիքում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոցվել են ուկրաինական մետալուրգիական արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք ապահովում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը՝ Զապորոժիե, Դնեպրոպետրովսկ և Կրիվոյ Ռոգ քաղաքներում։
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը հարվածել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին, որոնք, ըստ գերատեսչության, ապահովում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ու պահեստավորումը, ինչպես նաև Ուկրաինա զենքի և զինամթերքի արտասահմանյան մատակարարումների զգալի մասը։