Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Վերջին ամիսներին հայկական բանակում ինքնասպանությունների դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Սա պաշտոնական տվյալներով հաստատված իրողություն է, և արդեն իսկ բավարար պատճառ պետք է լիներ, որպեսզի պաշտպանության նախարարության համար բանակի ներքին կյանքի, կարգապահության և զինծառայողների միջև հարաբերությունների հարցը դառնար առաջնահերթ խնդիր։ Հատկապես, որ Ինքնասպանության դեպքերի առնչությամբ հարուցվում են քրեական գործեր, որոշ դեպքերում կան նաև մեղադրյալներ։ Քննության ընթացքում ուսումնասիրվում են հանգամանքներ, որոնցից որոշները կարող են վկայել զինծառայողին ինքնասպանության հասցնելու կամ դրդելու մասին։
Այս ամենի ֆոնին քննադատության սլաքներն ուղղվեցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմը։ Հնչեցին մեղադրանքներ, որ բանակի ներքին կարգապահությունը թուլացել է, ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը բավարար չէ, իսկ զինծառայողների անվտանգության հարցը պատշաճ մակարդակով չի լուծվում։
Եվ այս իրավիճակում նախարարն սկսեց անակնկալ այցեր կատարել զորամասեր։
Այստեղ իհարկե կարելի էր նաև ողջունել նախարարի այս քայնը, քանի որ, առաջին հայցքից, սա ճիշտ քայլ է։ Եթե բանակում խնդիր կա, նախարարը պետք է գնա զորամասեր և տեղում հասկանա, թե ինչ է կատարվում։ Բայց, Սուրեն Պապիկյանի այցերի պարագայում, խնդիրը սկսվում է այն պահից, երբ այդ այցերը վերածվում են տեսարանների հասարակության համար։
Զորամասերում նկարահանվում են սառնարանների պարունակությունները, հանրությանը ցույց են տրվում սննդամթերքը, մթերքի առկայությունը, կենցաղային պայմանները։
«Թող ձեր հարազատները տեսնեն, թե ինչ եք ուտում»,-դրվագներից մեկում ասում է Պապիկյանն, ասես հասարակությանը ցուցադրաբար ներկայացնելու և իբր ապացուցելու, թե՝ տեսե՛ք, զինվորի սառնարանը լիքն է, ուրեմն բանակում ամեն ինչ կարգին է։
Բայց հասարակությունը, կարծում եմ, այսքան միամիտ չէ։
Մարդիկ շատ լավ հասկանում են, որ լիքը սառնարանը չի կանխում ինքնասպանությունները։
Լավ սնունդը իհարկե կարևոր է։ Զինվորը պետք է պատշաճ սնվի, ապրի արժանապատիվ պայմաններում և ապահովված լինի անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց ինքնասպանության պատճառների մասին սառնարանի պարունակությունը մեզ գրեթե ոչինչ չի ասում։
Սառնարանի պարունակությունն այն մասին չէ, թե զինվորը ենթարկվո՞ւմ է նվաստացման, արդյոք նրա նկատմամբ բռնություն կա՞, դա նաև այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություններ ունի զինվորն իր ծառայակիցների և հրամանատարների հետ կամ նա վախենո՞ւմ է արդյոք որևէ մեկից...
Եվ, ամենակարևորը, սառնարանը ցույց չի տալիս՝ եթե զինվորը խնդիր ունի, կա՞ արդյոք մեկը, ում նա կարող է վստահել և դիմել՝ առանց հետագա ճնշումների ենթարկվելու վախի։
Ուստի այստեղ արդեն հարց է առաջանում՝ պաշտպանության նախարարությունը փորձում է լուծե՞լ խնդիրը, թե՞ հասարակությանը ցույց տալ, որ խնդիր չկա։
Սա երկու տարբեր բան է։
Եթե բանակում ինքնասպանությունների դեպքերն իսկապես հաճախակիացել են, ապա նախարարի ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետք է լինեն դրանց հնարավոր պատճառները։ Պետք է ուսումնասիրել զորամասերի ներսում հարաբերությունները, ոչ կանոնադրային դրսևորումները, հրամանատարների վերահսկողությունը, զինծառայողների նկատմամբ հնարավոր ճնշումները, հոգեբանական աջակցության համակարգը և այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է ժամանակին հայտնաբերել վտանգավոր իրավիճակը։
Եվ այստեղ ես չեմ կարող չանդրադառնալ Սուրեն Պապիկյանի՝ որպես պաշտպանության նախարարի գործունեությանը։
Այն, որ Պապիկյանը մասնագիտությամբ ուսուցիչ է, դա ինքնին, իհարկե, որևէ մեկին չի դարձնում վատ կամ լավ նախարար։ Բայց պաշտպանության նախարարությունը կառավարման այն ոլորտը չէ, որտեղ միայն քաղաքական փորձը կամ ընդհանուր կազմակերպչական ունակությունները կարող են բավարար լինել։ Այստեղ անհրաժեշտ է հասկանալ ռազմական կառավարման տրամաբանությունը, բանակի ներքին մեխանիզմները, հրամանատարական շղթան, կարգապահության համակարգը և, ամենակարևորը, կարողանալ ոչ թե պարզապես արձագանքել տեղի ունեցածին, այլ կանխել այն։
Իմ գնահատմամբ՝ հենց այստեղ է Պապիկյանի աշխատանքի ամենամեծ խնդիրը։
Երբ բանակում ինքնասպանությունների դեպքերը հաճախակիանում են, իսկ նախարարի արձագանքը հասարակությանը սառնարանների պարունակությունը ցույց տալն է, դժվար է չհարցնել՝ արդյոք նախարարությունը ճի՞շտ է սահմանել իր առաջնահերթությունները։
Բանակի արդյունավետությունը չի որոշվում միայն նրանով, թե զինվորի ափսեի մեջ ինչ կա։
Բանակը նախ և առաջ մարդկանց, կարգապահության, հրամանատարության և պատասխանատվության համակարգ է։
Զինվորը կարող է լավ սնվել և միևնույն ժամանակ իրեն անպաշտպան զգալ։ Կարող է ունենալ նորոգված զորանոց և միևնույն ժամանակ ենթարկվել հոգեբանական ճնշման։ Կարող է ունենալ լիքը սառնարան և դատարկ վստահություն այն համակարգի նկատմամբ, որը պետք է իրեն պաշտպանի։
Հետևաբար, եթե պաշտպանության նախարարը ցանկանում է իրականում հասկանալ բանակի «ներքին խոհանոցը», գուցե պետք է սկսել ոչ թե սառնարանից, այլ զինվորի հետ զրույցից։
Ոչ թե տեսախցիկի առաջ։
Ոչ թե նախապես պատրաստված պայմաններում։
Այլ այնպիսի միջավայրում, որտեղ զինծառայողը կարող է անկեղծ ասել՝ ինչից է վախենում, ումից է դժգոհ, ինչ խնդիրներ ունի և արդյոք իրեն անվտանգ է զգում։
Ի վերջո, նախարարի աշխատանքի գնահատականը պետք է տրվի ոչ թե նրա հրապարակած տեսանյութերի, ստուգված սառնարանների կամ այցելած զորամասերի թվով, այլ արդյունքով։
Իսկ արդյունքը, այս դեպքում, շատ պարզ չափում ունի՝ քանի զինվորի կյանք հաջողվեց փրկել և արդյոք բանակում ստեղծվե՞լ է այնպիսի միջավայր, որտեղ զինծառայողը իրեն պաշտպանված է զգում։
Եթե այդ հարցերի պատասխանը չկա, ապա հասարակությանը լիքը սառնարան ցույց տալը ոչ թե խնդրի լուծում է, այլ ընդամենը դրա տեսանելի, հարմար և անվտանգ մասը ցուցադրելու փորձ։
Իսկ բանակի իրական խնդիրները, ցավոք, սառնարանի մեջ չեն պահվում։
Արմինե Մկրտումյան