Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին
Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ենթադրյալ յոթ անդամներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Ահաբեկիչների ծրագրերը կանխվել են նախատեսված հարձակումներից ընդամենը օրեր առաջ։ Առաջին երեք կասկածյալները ձերբակալվել են Բեռլինում 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Տեղեկությունների համաձայն՝ այդ պահին խումբն արդեն կուտակել էր զինանոց, որը բաղկացած էր ինքնաձիգներից, 13 ատրճանակներից և ավելի քան 700 փամփուշտներից։
Միաժամանակ Լոնդոնում ձերբակալվեց ևս մեկ կասկածյալ. վերջինիս նկատմամբ առանձին դատական վարույթ է ընթանում։ Մյուս ձերբակալություններն իրականացվել են Դանիայում, Կիպրոսում և Բեռլինում։
ՀԱՄԱՍ-ը, որը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հերքել է իր կապը ձերբակալված անձանց հետ։