Դիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ Դեմոյան
Պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանը դիմում է ադրբեջանցիներին.
«Դիմում եմ ադրբեջանցիներին,
Հաշվի առնելով վերջին իմ գրառումից հետո էջումս անընդհատ գրառումներ ու կարծիքներ ներկայացնող ադրբեջանցիների քանակի աճը, հարմար առիթ եմ տեսնում, որպեսզի հենց իրենց բացատրեմ, թե ինչ տեղի ունեցավ Շուշիում ու Վանք գյուղում, օրեր առաջ Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ ու ուղեկցությամբ բազմաթիվ դեսպանների Արցախի հայկական պատմական ժառանգությունը ներկայացնելու ժամանակ:
Սա այն դեպքն է, երբ իրական կամ երևակայական հաղթանակը սկսում է գլխապտույտ առաջացնել ու հաղթողը տրվում է տրամաբանությունից ու բանականությունից դուրս գործողություններ ու քայլեր թույլ տալու գաղթակղությանը:
Հիքմեթ Հաջիևը ի սկզբանե ենթադրել էր, որ բացառիկ տրումֆ ու հոգեբանական գերակայություն է ապահովելու սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի նախօրեին քրիստոնյաների դեմ տարբեր կեղծ ու շինծու պատումներ ներկայացնելով: Ադրբեջանում հավատարմագրված քրիստոնյա ու մահմեդական դեսպաններն ու դիվանագետները չհասկացան, կամ չցանկացան հասկանալ Հաջիևի քարոզչական այս հնարքը: Այստեղ երկու կողմն էլ պարտվեցին:
Դեսպաններին հայկական ձեռագիր մատյանների պատճեններ ցույց տալն ու էժանագին կրկես-շոու սարքելն ադրբեջանական կողմի համար երաշխավորված կրկնակի պարտություն էր: Այդ հայերեն ձեռագրերի բնօրինակներն իսկապես գոյություն ունեն և այսօր դրանք պահպանվում են Մատենադարանում և աշխարհի այլ գրադարաններում, ինչը փաստագրված ու գիտականորեն ուսումնասիրված է վերջին 150 տարիների ընթացքում, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների կողմից: Ավելին, այդ ձեռագրական ժառանգությունը կարևոր սկզբնաղբյուր է Կովկասում հաստատված թյուրքալեզու տարբեր ցեղերի ու ցեղախմբերի պատմությունն ու անցյալն ուսումնասիրելու համար, ինչը և արել են բազմաթիվ ադրբեջանցի պատմաբաններ ու հետազոտողներ վերջին 80 տարիների ընթացքում: Ստուգեք Ադրբեջանի կենտրոնական գրադարանների քարտարանները և կհամոզվեք դրանում:
Ի դեպ, նույն այդ դիվանագետները կարող են դիմել ՀՀ-ում հավատարմագրված իրենց գործընկերներին, այցելեն Երևան և հենց Մատենադարանում ծանոթանան բնօրինակների հետ: Ի դեպ, Հիքմեթ Հաջիևին պատրաստ եմ անձամբ դիմավորել Երևանում ու ներկայացնել ձեռագիր մատյանների բնօրինակները` ուղիղ եթերով: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ամոթալի ու խայտառակ վիճակում է թողել բոլորիդ Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ձեռագրերի պատճենները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած ցուցասեղաններում ներկայացնելն ինձ համար հաճելի ու շատ խորհրդանշական անակնկալ էր. այդ ցուցասեղաններում շուրջ 20 տարի ցուցադրվել են հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերը: Ինձ համար այդ այցն ընկալվեց նաև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին խորհրդանշական կերպով հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետ առերեսվելու ձևով:
Ես հասկանում եմ, թե որքան ցանկալի ու հաճելի է հաղթողի դիրքից ամեն ինչ պնդելն ու ամրագրելը, բայց կան ճշմարտություններ, որոնք ոչ մի նավթով ու գազով չես գնի: Մի մոռացեք, որ հայկական եկեղեցիների, այո, հենց այդպես էր ձևակերպված՝ հայկական Գանձասարի, Դադիվանքի ու Շուշիի Ղազանչեցոցի անվտանգության երաշխիքները տրվել էին Վլադիմիր Պուտինի կողմից, իսկ այսօր դրանք համարվում են ոչ հայկական Ռուսաստանի դաշնության դեսպանի ներկայությամբ ու տեղաբնակ հայերի բացակայության պայմանում:
Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ: Ուղղակի պետք է հասկանալ, որ փոփոխությունների համար երբեմն վճարում են ծանր, շատ ծանր գին, իսկ անխոհեմ գործողությունների ու քայլերի համար հատուցումը ցավոտ է լինում…
Խաղաղ համակեցության չտրամադրվելու այլընտրանքը պատերազմն է: Այն չարիք է, որի գինը վճարում են անմեղները»: