Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։
Հանդիպմանը Սուլխան Թամազաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև գործընկերային սերտ հարաբերությունները՝ ընդգծելով, որ ակտիվ շփումները հնարավորություն են ընձեռում համագործակցությունը դարձնել առավել հասցեական ու արդյունավետ։
Քննարկվել են առանցքային նշանակության, մասնավորապես՝ հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր։
Նշվել է, որ հանցավորության արդի մարտահրավերները նաև անդրազգային բնույթ ունեն, ուստի առավել կարևոր է իրավապահ կառույցների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակումը, գործողությունների համակարգումն ու համատեղ աշխատանքային մեխանիզմների ներդրումը։
Անդրադարձ է կատարվել ՆԳՆ ենթակա ծառայությունների միջև փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: