Հայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) համագործակցությամբ Երևանում մեկնարկել է «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են կայուն տրանսպորտային միջանցքների զարգացման առանցքային ուղղությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնելու փորձի փոխանակում, քննարկելու տրանսպորտային միջանցքների զարգացման ընդհանուր մարտահրավերները և դիտարկելու դրանց արդյունավետությունը, դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու գործնական մոտեցումները։
Աշխատաժողովին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տրանսպորտային օպերատորներ, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։