Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
Սեպտեմբերի 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈՒ) անօդաչու սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի շրջանների վրա։ Սամարայի մարզը ենթարկվել է ավելի քան 40 անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ «Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում», — գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ ճշտելով, որ զոհեր չկան։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Հարձակման հետևանքով ձեռնարկության տարածքում բռնկվել են նավթամթերքներով լցված պահեստարանները։ Մինչ այդ անօդաչու սարքերը հարվածել էին «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարանին օգոստոսի 4-ին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են միմյանց էներգետիկ օբյեկտներին հարվածներ չհասցնել։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է հրաժարվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից, եթե Ուկրաինայի գործընկերները կարողանան երաշխավորել երկրի էներգետիկայի վրա Ռուսաստանի հարվածների դադարեցումը։ Նրա խոսքով՝ համաձայնությունը պետք է լինի հուսալի և երկարաժամկետ։