Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Հայաստանի Ազգային ժողովին հետևելիս երբեմն տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե երկրի օրենսդիր մարմնի, այլ քաղաքական մանկապարտեզի հետ։ Գոռգոռոց, վիրավորանք, փոխադարձ մեղադրանքներ ու նույն անվերջ կրկնվող ելույթները։ Աղմուկը շատ է, արդյունքը՝ զրո։
Ամենահետաքրքիրն, իհարկե, ընդդիմության վիճակն է։ Նրանք դեռ երեկ հայտարարում էին, թե ընտրությունները լեգիտիմ չեն, իշխանությունն անօրինական է, այս խորհրդարանը ժողովրդի իրական կամքը չի ներկայացնում։ Բայց հենց այդ «անլեգիտիմ» խորհրդարան մտնելու և մանդատ վերցնելու հարցում առանձնապես երկար չմտածեցին։
Լավ, ասենք՝ մտաք, ասենք՝ ներսից ուզում էիք պայքարել, բայց այդ դեպքում ի՞նչ եք արել այդ մանդատով։
Որտե՞ղ են արդյունքները։ Որտե՞ղ է այլընտրանքային քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունը, վերահսկողությունը, լուծումների փաթեթը։
Փոխարենը՝ նույն իշխանության հետ, որի լեգիտիմությունը տարիներ շարունակ կասկածի տակ եք դրել, հիմա նույն դահլիճում ժամերով «գյալաջի» եք անում ու շոուներ։
Սա է այս խորհրդարանի ամենամեծ ողբերգությունը. մինչ ԱԺ-ում անիմաստ վեճերը դարձրել են օրակարգ ու զբաղեցնում են հասարակությանը: Ու մինչ իշխանությունները շարունակում են երկիր հանձնել թշնամուն, մսխել բյուջեն ու դժվարացնել շարքային քաղաքացու կյանքը, ընդդիմությունն էլ կողքից թամաշա է անում և չի փորձում որևէ կերպ կանխարգելել երկրի գլխին կախված արհավիրքը:
Ազգային ժողովը բակային վիճաբանության վայր չէ։ Պատգամավորի մանդատը գոռալու, վիրավորելու կամ հերթական քաղաքական տեսարանը կազմակերպելու իրավունք չէ։ Դա պատասխանատվություն է։
Եվ ստացվում է հրաշալի փակ շրջան․ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, բոլորը գոռում են, վիրավորում, «հաղթում» բանավեճում, հետո վերադառնում իրենց տեղերը։
Իսկ քաղաքացին մնում է իր խնդիրների հետ։
Եթե ժամերով խոսում ես ժողովրդի, պետության ու ազգային շահի անունից, բայց այդ խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվում, ապա դա քաղաքական գործունեություն չէ։ Դա պարզապես աղմուկ է։
Ու եթե սա է ընդդիմության պատկերացմամբ «մանդատային» պայքարը, ապա կարելի է թքել այդ մանդատի վրա, քանի որ այս դեպքում այն պարզապես վերածվում է Աժ աթոռին նստելու, բարձր աշխատավարձ ստանալու և շոուներ անելու լիցենզիայի։
Արմինե Մկրտումյան