Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության անդամ Էրգյուդեր Թոփթաշը հայտնել է, որ Կարս–Գյումրի երկաթուղային գծի վերանորոգումը շարունակվում է։ Նրա խոսքով՝ սահմանային անցակետի և երկաթուղու բացումը կախված կլինի Անկարայի և Բաքվի դիրքորոշումից։
«Մեր առաջնահերթությունը եղբայրական Ադրբեջանի դիրքորոշումն է։ Այժմ վերանորոգումը շարունակվում է, և ակնկալվում է, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո։ Երկաթուղու թուրքական հատվածը 33 տարի պահպանվել է, սակայն, որքան ինձ հայտնի է, հայկական կողմի գծի մեծ մասն ամբողջությամբ անպիտան է։ Տեղեկություններ կան, որ Հայաստանը Եվրամիությունից ֆինանսավորում է խնդրում նոր հատվածի կառուցման համար»,- հայտարարել է Թոփթաշը։
«Գծի բացումը կարող է աշխուժացնել սահմանամերձ գյուղերի կյանքը, զարգացնել զբոսաշրջությունը Կարսում, Թուրքիայի համար ճանապարհ բացել դեպի Կովկաս և նպաստել պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին։ Բացի այդ, թուրքական բեռնատարները, որոնք Վրաստանի տարածքով ապրանքներ են տեղափոխում Ադրբեջան և Կենտրոնական Ասիա, կարող են ընտրել ավելի կարճ երթուղին»,- հավելել է նա։