Դեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլը
Երևանի «Նոան» սկսել է իր ապագա մարզադաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս ուղղությամբ առաջին մեծածավալ քայլն արդեն արված է:
Մասնավորապես, 130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ, ինչի արդյունքում տարածքն ազատվել է շինարարության հաջորդ փուլերի համար։
Ակումբից հայտնում են, որ ամբողջությամբ ապամոնտաժվել են հատկացված հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները: Մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքներ, և տեղադրվել է 13 040 մետր մալուխ:
Բացի այդ, ակումբի նախաձեռնությամբ կառուցվել է պահուստային գիծ, որը զգալիորեն կբարձրացնի նաև հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը։