ՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ-համաժողովը։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Ստերբան։
«Կանայք և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշումների կայացման և ընտրական գործընթացներում. մասնակցությունից մինչև հավասար ներգրավվածություն» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և Եվրոպայի խորհրդի ազգային խորհրդատու Արա Ղազարյանը։ Քննարկումը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքական և հասարակական մասնակցության առկա խոչընդոտներին, ընտրական գործընթացներում ներկայացվածությանը և որոշումների կայացման գործընթացներում հավասար ու արդյունավետ ներգրավվածության ապահովման մեխանիզմներին։
«Վաղ և հարկադիր ամուսնությունների, ինչպես նաև կրթությունից դուրս մնալու ռիսկերի նվազեցման ուղղությամբ համապարփակ միջոցների օրենսդրական և գործնական հիմնական ուղղություններ»-ին նվիրված երկրորդ պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Հաջե Բաքոյանը։ Քննարկումը վարել է Եվրոպայի խորհրդի ազգային խորհրդատու Արա Ղազարյանը։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի այլ հարցերի։
Եվրոպայի խորհրդի միջազգային խորհրդատու,Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնի պրոֆեսոր Կիրիակի Տոպիդին մասնակիցներին ներկայացվել է քննարկվող թեմաներին առնչվող եվրոպական չափանիշներն ու փորձը, այդ թվում՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ Հինգերորդ կարծիքում ներառված առաջարկությունները և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի համապատասխան չափանիշները։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որին հաջորդել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ելույթը՝ գենդերային հավասարության, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության և հանրային իրազեկման նախաձեռնությունների կարևորության վերաբերյալ։
Համաժողովին մասնակցել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների,ազգային փոքրամասնությունների համայնքների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ երեք համայնքների կին ղեկավարները:
Համաժողովին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակից Լիլիթ Ղազարյանը՝ հնարավորություն ունենալով անմիջականորեն հետևելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներին։
Համաժողովի ավարտին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է քննարկումների արդյունքները` ընդգծելով, որ հավասարությունը ենթադրում է ոչ միայն մասնակցության հնարավորություն, այլև որոշումների կայացման գործընթացներում իրական, արդյունավետ և իմաստալից ներգրավվածություն:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։