Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարին
Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, ոչնչացրել են արմատական պաղեստինյան «Համաս» շարժման բրիգադի հրամանատարին։
Այդ մասին հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։
«Այսօր ՑԱՀԱԼ-ը և ՇԱԲԱՔ-ը հարված են հասցրել Գազայի հարավային հատվածում և ոչնչացրել Նաիել Աբու Օբեյդային՝ Ռաֆահում «Համաս»-ի բրիգադի հրամանատարին և կազմակերպության ռազմական թևի օպերատիվ օղակի ղեկավարին», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հրամանատար նշանակվելուց առաջ զինյալը բրիգադում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։ Մասնավորապես, նա Ռաֆահում եղել է բրիգադի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ղեկավարել է «Թել աս-Սուլթան» և «Իբնա» գումարտակները։ ՑԱՀԱԼ-ում նրան անվանել են «Համաս»-ի բարձրագույն ղեկավարության առանցքային դեմքերից մեկը։