Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա Զախարովա
Կանոնական եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն, իսկ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում արտաքին դերակատարների կողմից կիրառվում են հանցավոր մեթոդներ:
Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել Հայ եկեղեցու և անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իրականացվող հալածանքների մասին հարցին։
«Մենք տեսնում ենք արտաքին դերակատարների կողմից կիրառվող հանցավոր մեթոդներ: Սա նույնիսկ միջամտություն չէ, այլ այն բանի ոչնչացում է, ինչը Հայաստանի տարածքում ոչ թե այլ պետությունների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար է կազմում էությունը, հիմքը, հենարանը։ Այս մասին պետք է խոսել, և պետք է բարձրաձայնել», – հայտարարել է նա։
Զախարովան նշել է, որ տարբեր եկեղեցիների և կրոնական դավանանքների պատմությունը գիտի պառակտումների, տարաձայնությունների, իսկ հետագայում՝ միավորման և հաշտեցման ժամանակաշրջաններ։ Նրա խոսքով՝ նման ճգնաժամերը հաղթահարելու համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների դերը պետք է լինի ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը նպաստելը՝ պետության դիմելու դեպքում, երբ խոսքը ներքին հակամարտությունների մասին է, կամ միջպետական տարաձայնությունների կարգավորման շրջանակում։
«Անթույլատրելի է, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ապրում են անդամ երկրների միջոցներով, ոչ միայն միջամտում են երկրի, ժողովրդի, պետության գործերին, այլև իրենց դիրքորոշումն են հայտնում՝ խորացնելով ճգնաժամը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հատկապես անթույլատրելի է դա այն դեպքում, երբ խոսքը այնպիսի հզոր և հնագույն դավանանքի մասին է, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցին է։
Նրա խոսքով՝ նման իրավիճակներում ավանդական պատասխանն այն է, որ տեղի ունեցողը պետության ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկրի քաղաքացիներն իրենք պետք է պաշտպանեն այն, ինչ իրենց համար արժեքավոր է, այդ թվում՝ ավանդական հոգևոր և բարոյական արժեքները։
«Սա Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների, հայերի գործն է՝ որպես և՛ եկեղեցու, և՛ սեփական ժողովրդի, և՛ մշակույթի ներկայացուցիչների», – ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ աստվածամերժությունը և, առավել ևս, իրական հալածանքը՝ իր ողջ գործիքակազմով, դարերի անեծք է, ինչը, նրա խոսքով, ապացուցում է հենց կյանքը։