Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը հայտարարությամբ են հանդես եկել․
«Հայտարարություն ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված «Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար» վերտառությամբ հաղորդագրության վերաբերյալ
Անմեղության կանխավարկածի խախտումը.
Պաշտպանության կողմը նախ անհրաժեշտ է համարում մատնանշել, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումները խնդրահարույց են անձի անմեղության կանխավարկածի պահպանման տեսանկյունից։ Այս հանգամանքն ակնառու է դառնում հատկապես հաղորդագրության վերտառության դիտարկմամբ՝ «Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար»։ Նման ձևակերպմամբ խափանման միջոցի կիրառումը ներկայացվել է որպես անձի կողմից տվյալ հանցագործության կատարումը հաստատող հանգամանք և, ըստ էության, որպես պատասխանատվության միջոց, ինչը, պաշտպանության կողմի գնահատմամբ, հանդիսանում է անմեղության կանխավարկածի խախտում։
Հանրային պաշտոնի անհարկի շեշտադրումը.
Պաշտպանության կողմն արձանագրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ առանձնակի և ընդգծված կերպով ներկայացված է Գոռ Մինասյանի հանրային կարգավիճակը՝ «Տաթև բնակավայրի վարչական ղեկավար»։ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը վերաբերում է բացառապես մասնավոր աշխատանքային հարաբերություններին։ Դրանք որևէ աղերս կամ առնչություն չունեն և չէին կարող ունենալ Գոռ Մինասյանի՝ որպես բնակավայրի ղեկավարի պաշտոնական լիազորությունների, հանրային գործառույթների կամ տեղական ինքնակառավարման մարմնում ունեցած դիրքի հետ։ Պաշտպանության կողմի գնահատմամբ, պաշտոնական դիրքի անհարկի շեշտադրումը ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության վերնագրում և տեքստում հետապնդում է վարույթին հնչեղություն հաղորդելու, անձին հանրության շրջանում հեղինակազրկելու և նրա նկատմամբ կանխակալ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակներ։
Տուժողի կարգավիճակ ունեցող անձի՝ հարկադրանքի ներքո գործելու վերաբերյալ տեղեկությունները և մեղադրանքը հերքող տվյալները.
ՀՀ քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածը, թե քաղաքացի Վ. Ս.-ն ենթարկվել է թրաֆիքինգի և բռնության, հերքվում է ինչպես վերջինիս կողմից ուղարկված անձնական հաղորդագրությունների բովանդակությամբ, այնպես էլ պաշտպանության կողմից փաստաբանական հարցման ենթարկված անձանց հայտնած փաստական տվյալներով, որոնք սահմանված կարգով ներկայացվել են դատարանին խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ։
Մասնավորապես, Վ. Ս.-ն 2026 թվականի հուլիսի 25-ին իր հարազատ եղբորն ուղարկել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Զանգ տաս իրան պրյամոյ ասի, որ եթե մհենգ ստի չմլալ անելու ինձ հունիսի 17-ին կալանավորելուինալ իրան էլ 100 չէ 1000 տոկոս կալանավորելուինալ»։
Բացի այդ, Վ. Ս.-ն 2026 թվականի օգոստոսի 21-ին կրկին իր եղբորն է ուղարկել հաղորդագրություն, որտեղ նշել է հետևյալը. «Խոսացել ես ապեր, ասալ ես, որ ասած եմ լալ առերեսման համար։ Իրան անպայման ասի, որ ինքն էլ ուզա առերեսում, դրանից հետո նոր կարամ ստեղան դուրս գամ, մնացածն հետո կապով կլինենք կխոսանք ստեղան կարում չեմ զանգեմ»։
Վ. Ս.-ի եղբայրը Գոռ Մինասյանի պաշտպանների կողմից իրականացված փաստաբանական հարցմանն ի պատասխան հայտնել է, որ առաջին հաղորդագրությունը վերաբերում է այն հանգամանքին, որ «Վ. Ս.-ն եթե այդ ամենը չաներ, այսինքն՝ Գոռի դեմ չգրեր, կալանավորելու էին իրեն», իսկ երկրորդ հաղորդագրության էությունն այն է, որ «Վ. Ս.-ն ասում էր, որ պետք է առերեսում լինի, որից հետո կկարողանա դուրս գալ այն վայրից, որտեղ իրեն պահում են, և բոլոր հարցերը կլուծվեն»։
Հարկ ենք համարում հավելել, որ տուժողի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ կիրառված են պաշտպանության միջոցներ, այսինքն վերջինս գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո։
Նշված փաստական տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Վ. Ս.-ն հանցագործության մասին հաղորդումը և համապատասխան ցուցմունքները տվել է հարկադրանքի ազդեցության ներքո՝ սեփական անձի կալանավորման իրական սպառնալիքից խուսափելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված պնդումները հերքվում են նաև Վ. Ս.-ի կողմից դեռևս 2025 թվականի օգոստոսի 13-ին Գոռ Մինասյանի կնոջն ուղարկված հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությամբ.
«Մարի ջան բարև եկալեմ պիրմիզիրանց վերևներն մառախուղա։ Ասեմ խիյեմ գրում քանի որ կարողա հարմար չլինի զանգիս պատասխանես։ Ստե մի հատ խաչքար կա միշտ Գոռն էս խաչքարի մոտ աղոթումա ու պաչում խաչքարից իրան կհարցնես կասի։ Հենեմ էդ խաչքարի մոտ աղոթում ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ ԹՈՂ ՄԵՐ ԱԽՊԵՐՆ ԱԶԱՏՎԻ ԳԱ ՀԱՍՆԻ ՍԱՂԻՍ»։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ եթե Վ. Ս.-ն Գոռ Մինասյանի կողմից իրականում ենթարկվեր ճնշումների կամ իր կամքին հակառակ պահվեր աշխատանքային հարաբերությունների մեջ, ապա նա 2025 թվականի հունիսի 18-ից սկսած հնարավորություն է ունեցել դադարեցնելու աշխատանքը և հեռանալու, քանի որ Գոռ Մինասյանը տարբեր վարույթների շրջանակներում 2025 թվականի հունիսի 18-ից մինչև 2026 թվականի մարտի 13-ը, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 3-ից մինչ օրս գտնվել և գտնվում է անազատության մեջ։
Այսինքն՝ այն ժամանակահատվածների մի մասում, երբ ըստ պաշտոնական վարկածի Վ. Ս.-ն Գոռ Մինասյանի կողմից գտնվել է բռնի վերահսկողության ներքո, Գոռ Մինասյանը ֆիզիկապես գտնվել է անազատության մեջ։ Մինչդեռ Վ. Ս.-ն ոչ միայն չի դադարեցրել աշխատանքը, այլև անձնական նամակներում մաղթել է, որ Գոռ Մինասյանը շուտափույթ ազատ արձակվի կալանքից։
Վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության տակ վերցվելը և խափանման միջոցի միջնորդության հետ կապված դատարանի հերթապահության ժամանակացույցի հարմարեցումը․
Սույն քրեական վարույթը նախաձեռնվել է 2026 թվականի հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, սակայն հետագայում վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության ներքո և 2026 թվականի սեպտեմբերի 3-ին տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։
Վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության տակ վերցվելուց հետո տեղի ունեցած դատավարական գործողությունների ժամանակագրությունը պաշտպանության կողմի մոտ հիմնավոր կասկածներ է հարուցում առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Գոռ Մինասյանի ձերբակալումն իրականացվել է այնպես, որ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մակագրվի կոնկրետ դատավորի՝ երաշխավորելով դրա բավարարումը։
Այսպես.
Սեպտեմբերի 9-ին Գոռ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրը կայացվել է նրան ձերբակալելու ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու որոշում։
Չնայած կայացված որոշմանը՝ Գոռ Մինասյանի ձերբակալումը փաստացի իրականացվել է միայն 5 օր անց՝ սեպտեմբերի 14-ին, այն դեպքում, երբ նրա գտնվելու վայրը քաջ հայտնի է եղել իրավապահ մարմիններին, քանի որ նա գտնվել է տնային կալանքի մեջ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրատապ դատարան է ներկայացվել Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն, թեև վերջինս միջնորդել է առերեսում կատարել իր դեմ ցուցմունք տված անձանց, մասնավորապես՝ տուժողի կարգավիճակ ունեցող անձի հետ, իսկ քննիչն ուներ բավարար ժամանակ և հնարավորություն իրականացնելու հարցաքննություններ։
Այս հանգամանքները պաշտպանության կողմի մոտ հիմնավոր կասկածներ են հարուցում առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Գոռ Մինասյանի ձերբակալման գործընթացը արհեստականորեն ձգձգվել է՝ շաղկապված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կոնկրետ նստավայրի կողմից հերթապահության ստանձման հետ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի հերթապահության ժամանակացույցի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 13-ը հերթապահող նստավայր է հանդիսացել «Աջափնյակ-1» նստավայրը, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ «Կենտրոն» նստավայրը։ Արդյունքում Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել սեպտեմբերի 14-ին՝ «Կենտրոն» նստավայրի հերթապահության մեկնարկի օրը, և «պատահականորեն» մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ում կողմից էլ սեպտեմբերի 15-ին կայացվել է Գոռ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում։
Օրենքով չնախատեսված նպատակներով քրեական հետապնդման իրականացման հիմնավոր կասկածը.
Անմեղության կանխավարկածի խախտումը, հանրային պաշտոնի անհարկի շեշտադրումը, տուժողի կարգավիճակ ունեցող անձի՝ հարկադրանքի ներքո գործելու վերաբերյալ առկա տվյալները, վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության տակ վերցվելը, ինչպես նաև դրան հաջորդած՝ դատարանի հերթապահության ժամանակացույցի հետ կապված վերոնշյալ հանգամանքները պաշտպանության կողմի մոտ հիմնավոր կասկած են առաջացրել, որ Գոռ Մինասյանի իրավունքների և ազատությունների սահմանափակումները տեղի են ունենում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 18-րդ հոդվածի խախտմամբ՝ օրենքով չնախատեսված նպատակներով։ Այդ նպատակների վերաբերյալ պաշտպանության կողմն այս փուլում նպատակահարմար չի համարում ներկայացնել դիրքորոշումներ, ինչն իրականացնելը հետագայում չի բացառվում։
Պաշտպանության կողմը հետևողականորեն օգտագործելու է օրենքով սահմանված բոլոր ներպետական և միջազգային իրավական գործիքները՝ թույլ տրված կամայականությունները վիճարկելու և Գոռ Մինասյանի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն ապահովելու նպատակով։
Սույն հայտարարությանը կից հրապարակում ենք տուժողի կարգավիճակ ունեցող անձի կողմից ուղարկված հաղորդագրությունները»։