«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին ու հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետի ե օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։