Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված կրկնակի հարվածի հետևանքով զոհվել են 15-ամյա պաղեստինցի դեռահաս Մոհամմադ Աբդուրահման ալ-Զեյնաթին և քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակից Շերիֆ Շադի Իբրահիմ Լաբադը:
Այս մասին հայտնում է պաղեստինյան «Շեհաբ» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ալ-Զեյնաթին վերադառնում էր Ղուրանի դասից, երբ տեղի է ունեցել առաջին հարվածը։ Հարձակումից հետո դեռահասը այլ մարդկանց հետ միասին մոտեցել է վիրավորված քաղաքացիական պաշտպանության աշխատակցին։
Այդ պահին երկրորդ հարվածն է հասցվել։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ այն ուղղվել է տուժածին օգնության հասած մարդկանց ուղղությամբ։ Արդյունքում զոհվել են ալ-Զեյնաթին և Լաբադը, ևս յոթ մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի շարունակվող հարձակումների ֆոնին՝ չնայած 2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտած հրադադարին։