Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներ
Ռուսական զորքերը հարձակվել են ուկրաինական քաղաքների վրա։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ Կիևում, Օդեսայում և Զապորոժիեի մարզում ընդհանուր առմամբ 18 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ։
Կիևում գիշերվա ժամը երկուսից հետո մի շարք պայթյուններ են որոտացել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին բալիստիկ հրթիռների կիրառման վտանգի մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկություններով՝ տուժել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ինը տուժածներ գտնվում են հիվանդանոցներում։
Կիևի Դնեպրովսկի շրջանում վնասվել են եռահարկ գրասենյակային շենքի ճակատն ու ապակեպատ հատվածները, իսկ բնակելի շենքերում կոտրվել են պատուհանները։ Բեկորներ են ընկել նաև պահեստների տարածքում և բենզալցակայանի հարևանությամբ։ Սվյատոշինսկի շրջանում հաղորդվում է ոչ բնակելի շենքին հարվածի մասին, իսկ Սոլոմենսկի շրջանում՝ պահեստային տարածքի ավերման մասին։
Օդեսայում վնասվել է 19-հարկանի բնակելի շենք։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։