Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը. Շոյգու
Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղեգիծ, ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման նրանց ձգտումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը պատմականորեն փորձել է Անդրկովկասում ստեղծել հակառուսական հենակետ։
«Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ բացասական վերաբերմունքը», — ասել է Շոյգուն։
Նա Հայաստանի հետ կապված իրավիճակը Անդրկովկասում ամենացայտուն օրինակն է անվանել։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։
«Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ», — արձանագրել է Շոյգուն։