Ռումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանին
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանին։ Ավելի ուշ հինգշաբթի Մուրեշանը հայտարարել է, որ ընդունում է պետության ղեկավարի առաջարկը, հաղորդում է Agerpres-ը։
Մուրեշանի թեկնածությունը հայտարարվել է Նիկուշոր Դանի՝ Կոտրոչենի պալատում քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական միավորումների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցություններից հետո։
«Ես ընդունում եմ Ռումինիայի նախագահի առաջարկը»,- գրել է Մուրեշանը Facebook-ում։
Ավելի վաղ հինգշաբթի օրը նախագահը նշել էր, որ Մուրեշանը որոշ ժամանակ է խնդրել մտածելու համար։ Դանը նշելէ, որ թեկնածուն շարունակում էր մնալ նրա «առաջին ընտրությունը», և պետության ղեկավարը նրանից սպասում էր վերջնական պատասխանի՝ մինչև նշանակման մասին հրամանագրի հրապարակումը պաշտոնական տեղեկագրում։
Մուրեշանի առաջադրումը տեղի է ունենում Ռումինիայում քաղաքական ճգնաժամի և հաստատված կառավարության երկարատև բացակայության պայմաններում։ Կոտրոչենում անցկացված խորհրդակցությունների ժամանակ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ են հայտնել նոր կաբինետի ձևավորման վերաբերյալ։
Ռումինիայի փրկության միության (USR) առաջնորդ Դոմինիկ Ֆրիցը հայտարարել է, որ իր կուսակցությունը, Ազգային լիբերալ կուսակցության (PNL) և Ռումինիայի հունգարների դեմոկրատական միության (UDMR) հետ միասին, շարունակում է աջակցել Մուրեշանի թեկնածությանը։ Միաժամանակ նա նշել է, որ պատրաստ են քննարկել նախագահի այլ թեկնածուի, եթե Դանը չկանգ առնի Մուրեշանի վրա։
Ազգային փոքրամասնությունների խմբի ներկայացուցիչները, իրենց հերթին, նախագահին խնդրել են հետաձգել վարչապետի առաջադրումը՝ հայտարարելով, որ խորհրդարանում առայժմ հստակ մեծամասնություն չկա։ Ռումինացիների միավորման դաշինքը (AUR) հայտարարել է, որ չի քվեարկի այն կառավարության օգտին, որի կազմում ինքը չի լինի։
Այժմ Մուրեշանին մնում է ձևավորել կառավարություն և ստանալ խորհրդարանի աջակցությունը։ Ավելի վաղ Ազգային լիբերալ կուսակցության առաջնորդ Իլիե Բոլոյանը հայտարարել էր, որ Ռումինիային անհրաժեշտ են կառավարություն, վարչապետ և նախարարներ, որոնք ունակ կլինեն խորհրդարանին գործողությունների ծրագիր ներկայացնել։