Կարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպան
Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը միշտ փորձել է կապել Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը և տարածաշրջանը դուրս բերել Չինաստանի ազդեցության գոտուց։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Այդ վերլուծաբանները Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը դիտարկում են միասնական համատեքստում՝ արտաքին խաղացողների տնտեսական շահերի տեսանկյունից։ Ոմանք նույնիսկ դա կապում են հազվագյուտ հողային տարրերի հասանելիության համար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության հետ։
Մյուսները կարծում են, որ այդ կերպ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որը ավանդաբար հայտնի է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի»,- նշել է Շիրղոլամին։
Նա կրկնել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ամերիկացի զինվորականների ներկայությունը։
Դեսպանը հղում է արել վերջին իրադարձություններին և ամերիկյան ռազմաբազաներին, որոնք, նրա կարծիքով, Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմք չեն դարձել։
«Միաժամանակ մենք չենք տեսնում, որ TRIPP-ի շրջանակում կարող են ամերիկացի զինվորականներ տեղակայվել»,- եզրափակել է իրանցի դիվանագետը։