ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վճռորոշ դեր է ունեցել Իրանի հետ պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնության տապալման գործում՝ Պակիստանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ։ Այս մասին, հղում անելով իրազեկ պաշտոնյայի, հայտնում է NBC News հեռուստաալիքը։
«Ապրիլյան երկարատև հանդիպման ընթացքում ամերիկացի բանակցողները սկսեցին անհանգստանալ․ տպավորություն էր ստեղծվում, որ իրանցիները փոխում են հնարավոր համաձայնագրի պայմանները։ Այդ պատճառով դադարի ժամանակ նրանք զանգահարեցին Ռուբիոյին՝ հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ ստանալու համար։ Ռուբիոն համաձայնեց, որ իրենք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը։ Համաձայնագիր չի լինի»,- գրում է հեռուստաալիքը։
Հրապարակման մեջ նաև ընդգծվում է, որ Ռուբիոն գիտակցաբար խուսափում է խաղաղ բանակցությունների հանրային դեմքը լինելուց՝ այդ նպատակով արտասահմանյան այցերը վստահելով Վենսին, ինչպես նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։