Տավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել է
Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և հասարակական անվտանգության ապահովման 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկատում՝ որպես ոստիկան, և նա վթարի է ենթարկվել աշխատանքի մեկնելիս։
Հարվածի հետևանքով ձին սատկել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։