Տարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպք
Յուրաքանչյուր հերթափոխ Ոստիկանության գվարդիայի ծառայողների համար սկսվում է հրահանգավորմամբ։ Սահմանված երթուղում տեղաշարժից մինչև տարբեր իրավիճակներում կոնկրետ գործելակերպ․ նախապես հստակեցվում են ծառայության բոլոր մանրամասները։
Ոստիկանության գվարդիայի շրջիկ ծառայության կազմակերպման հիմքում օպերատիվ իրավիճակի շարունակական գնահատումն է։ Գրանցված արդյունքների հիման վրա փոփոխվում են երթուղիներն ու վերակարգերի տեղաբաշխումը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ուսումնական հաստատությունների հարակից տարածքները։
Նոր երթուղիների ներդրմամբ ընդլայնվում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների ներկայությունը հանրային տարածքներում, իսկ շրջայցերը հնարավորություն են տալիս կանխել հնարավոր միջադեպերը՝ չեզոքացնելով դրանց առաջացման ռիսկերը։
Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում գրանցված արդյունքները հիմք են հաջորդ ծառայությունն առավել հասցեական և արդյունավետ կազմակերպելու համար։ Երթուղիները վերանայվում են, շրջիկ կարգախմբերը՝ վերաբաշխվում, իսկ նպատակը մնում է անփոփոխ՝ պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։