Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Դատավոր Լիաննա Ներսիսյանի վճռի և դրա հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին ուղարկված կատարողական թերթի պահանջով՝ ArmLur.am-ը հրապարակում է դատարանի սահմանած հերքման տեքստը։
«28.01.2025 թվականին հրապարակված նյութում տեղ գտած «Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և բալթյան երկրների համար լավ լինի» և «Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել» արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Դատարանը նաև պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին Ալեն Սիմոնյանի օգտին բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Դատարանի վճռով հերքումը հրապարակվում ենք այնպես, որ իր տեղակայմամբ, ձևավորմամբ, տառատեսակի չափով և տեսակով, ինչպես նաև հրապարակման ժամով չզիջի սկզբնական հրապարակմանը։
Իսկ հիմա՝ ինչի մասին էր այս դատական վեճը
2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն՝ Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանականների հետ Ալեն Սիմոնյանի՝ փակ ձևաչափով հանդիպման վերաբերյալ։ Մեր աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ Սիմոնյանը Ռուսաստանի վերաբերյալ չափազանց կոշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչը տարակուսանք էր առաջացրել անգամ հյուրերի մոտ։ Հրապարակումը սկանդալ դարձավ նաև Ռուսաստանում, Սիմոնյանից գործընկերները բացատրություններ պահանջեցին: Անգամ ռուս լրագրողները հարցը բարձրացրեցին…
Մինչդեռ հենց հրապարակման մեջ Ալեն Սիմոնյանի խոսնակը հերքեց տեղեկությունը՝ հայտարարելով, որ Սիմոնյանը նման խոսքեր չի ասել ու նույն հերքման մեջ խոսնակը պնդում էր՝ հանդիպումները տեսագրված են։
Հենց այստեղ էլ առաջանում է այս պատմության առանցքային հարցը։
Եթե հանդիպումը տեսագրված է, ապա վեճը կարելի էր լուծել ամենապարզ եղանակով՝ դատարանին և կողմերին տրամադրելով հանդիպման ամբողջական տեսագրությունը, ձայնագրությունը կամ սղագրությունը։ «Ժողովուրդ»-ը բազմիցս պահանջեց այդ նյութերը, սակայն դրանք Ազգային ժողովը հետևողականորեն խմբագրությանը չտրամադրեց ոչ տեսագրությունը, ոչ ձայնագրությունը, ոչ էլ՝ սղագրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը գտել էր հանդիպմանը ներկա եղած անձի՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը հրապարակավ հաստատեց մեր հրապարակումը, պատրաստ էր դատարանում ներկայացնել իր իմացածը և հաստատել, որ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի վերաբերյալ իսկապես շատ կտրուկ և խիստ է արտահայտվել։ Սակայն դատավոր Լիաննա Ներսիսյանը Խաչատրյանին որպես վկա դատարան չհրավիրեց, ինչպես նաև Ազգային ժողովից չպահանջեց ներկայացնել այն տեսագրությունը, որի գոյության մասին հրապարակայնորեն հայտարարել էր խոսնակը։
Մենք կատարում ենք դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը և հրապարակում պարտադրված հերքումը։ Միաժամանակ արձանագրում ենք՝ խմբագրության համար անպատասխան է մնում գլխավոր հարցը. եթե հանդիպումը տեսագրված է, ինչո՞ւ այդ տեսագրությունը չդարձավ դատական քննության առանցքային ապացույց և չներկայացվեց հանրությանը։
«Ժողովուրդ»-ի համար այս հարցը հատկապես սկզբունքային է, քանի որ խոսքը ոչ միայն մեկ հրապարակման, այլև լրագրողական աղբյուրների, հանրային նշանակության տեղեկությունների ստուգման և դատարանում լրատվամիջոցի՝ իր հրապարակումը պաշտպանելու իրական հնարավորության մասին է։
Ի դեպ, մեդիադաշտում բազմիցս ուշադրություն է հրավիրվել Ալեն Սիմոնյանի՝ լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական հայցերի թվին։
Շուշան Դոյդոյանը նախօրեին գրել է.
«Ուրեմն առնվազն 50 դատական գործ եմ նայել զրպարտության և վիրավորանքի գործերով, որոնք հարուցվել են վերջին 4 տարում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքացիների դեմ։ Առանձնահատուկ են տասնյակ գործերը, որոնք հարուցվել են ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա։ Նրա տասնյակ հայցերը դատարանները բավարարել են ՝ պարտադրելով պատասխանող լրագրողներին վճարել ամենատարբեր չափերի փոխհատուցման գումարներ….Բացի մի դատավորից, ով բացի այն, որ մերժել էր Սիմոնյանի հայցն ամբողջությամբ եւ փոխհատուցում գանձել նրանից հօգուտ լրատվամիջոցի, այլեւ շատ գրագետ որոշման տեքստով աչքի էր ընկնում հանգամանալից հիմնավորելով բոլոր հարցերը։ Դատավոր Արմինե Սաֆարյան, մտքումս ասում եմ՝ լավ է, որ այսպիսի գրագետ դատավորներ կան մեր դատական համակարգում։ Հետո ստուգում եմ, որ ինչ, դատավորը Սաֆարյանը հրաժարական է տվել անցյալ տարվա նոյեմբերին…»։
Ահա թե ինչից վախենալով դատավոր Լիանա Ներսիսյանը կատարեց Ալեն Սիմոնյանի կամքը՝ անտեսելով փաստերն ու ճշմարտությունը: