ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:
Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։
Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ:
Տնտեսական այս իրավիճակն էլ ավելի է ծանրանում արտաքին մարտահրավերների պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ գազի և էներգակիրների գների հնարավոր թանկացման մասին, լրացուցիչ ծանր հարված են հասցնելու առանց այն էլ խոցելի տնտեսությանը։ Էներգակիրների թանկացումը շղթայական ռեակցիայով բերում է բոլոր ոլորտների կոլապսի, ինչն էլ, ինչպես ցույց է տվել 1970-ականների էներգետիկ ճգնաժամի փորձը Եվրոպայում, անխուսափելիորեն առաջ է քաշում իշխանությունների քաղաքական պատասխանատվության և փոփոխության հրամայականը:
Այս ամբողջ պատկերի համատեքստում է պետք դիտարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալը, ըստ որի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 %-ով ավելի շատ ձայն, քան 2021 թվականին։ Ընդդիմադիր ընտրազանգվածի փաստացի կրկնապատկումը վկայում է հանրային տրամադրությունների արմատական վերադասավորման մասին:
Այնպես որ, անցած ընտրություններով իշխանությունն ամենևին էլ չի «պեչատել» իր հավերժական կառավարումը։ Ընդհակառակը՝ տնտեսական գահավիժման, արտաքին ռիսկերի և ընդդիմության ինստիտուցիոնալ ամրապնդման համադրումը կարող է քաղաքական համակարգում տեկտոնական ճաքեր առաջացնել։ Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա շրջանը ներքաղաքական կյանքում լինելու է չափազանց հետաքրքիր, դինամիկ և լուրջ փոփոխություններ խոստացող:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում