Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
«Սեփական ձեռքերով վառեցինք մեր ողջ ապրած կյանքի էջերը, աշխատավայրերի ողջ փաստաթղթերը, մեր ողջ ինքնակենսագրությունները, մեր համազգեստները…
Քաղաքը ծխի մեջ էր…
Հետո»,- 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ու դրան հաջորդած դեպքերի մասին է հիշել ու գրել արցախցի Նանար Պողոսյանը։
«ՀԻՇՈՒՄ ԵՄ…
2023թ. սեպտեմբերի 19-ին սովորականի պես գնացի աշխատանքի, կեսօրին՝ ընդմիջմանը, գնացի գեղեցկության սրահ, մազերս լվանալուց հետո սկսեցին ֆենել, մեկ էլ դրսից շատ մեծ ուժգնությամբ տագնապի ձայն եկավ, դուրս եկանք տեսանք ողջ ժողովուրդը վազում է դեպի մոտակա նկուղներ։
Բարձրակրունկներով էի, առանց վազելու քայլում էի դեպի տուն՝ հրապարակից վերեւ՝ Վազգեն Սարգսյան 1 հասցե, տեսա բոլորը վազում են դեպի եկեղեցու եւ Պարկ հոթելի նկուղ, երեխաները լացում էին, մայրերը որոնում էին իրենց երեխաներին, երեխաները՝ ծնողներին, կապն ամբողջությամբ կտրված էր, ընտանիքի անդամներն իրար կորցրած։
Անընդհատ ռմբակոծության ձայներ, մեկ էլ տարածեցին, որ թշնամին մտել է Ստեփանակերտ։ Ոչ մեկը՝ ոչ մեկի տեղը չգիտեր, ոչ մեկը ոչ մի լուր չէր հայտնում, բոլորս վախեցած, բոլորս սոված, ում տան ինչ կար բերում էին, որ գոնե երեխաները մի փոքր սնվեն։
Մեկ էլ ասին հրադադար է, էլ ռմբակոծություն չի լինի, այնինչ շարունակվում էին պայթյունների ձայները։ Մարդկանց մի որոշ մասը գնաց տուն, մի որոշ մասը՝ մնաց նկուղներում։
Հասկացանք, որ մեծ զոհեր ունենք ու արյան խնդիր։ Շատերս վազեցինք տղաներին արյուն տալու, շատերի ընտանիքի անդամները կորած էին՝ ոմանք բարեբախտաբար՝ գտնվեցին, ոմանք՝ ցավոք ոչ։
Լույս չկար, դիահերձարանում՝ զոհված տղաների արյան հոտը վերցրել էր ողջ քաղաքը։
Լույս չլինելու պատճառով անջատվել էր հեռախոսների մարտկոցները, գազ ու բենզին չլինելու պատճառով կանգնած էին բոլոր ավտոմեքենաները։
Բլոկադայի օրերին մարդիկ էշով ու ձիով գյուղից իրենց հարազատներին գյուղական բարիքներ էին բերում Ստեփանակերտ (այդ մասին հաճախ էի գրառումներ անում իմ ֆբ էջում)։
Սովորականի պես, մտքերիս մեզ գնացի Վալեքս՝ մարզասրահ, որ չտեսնեմ ցավալի իրականությունը, գնացի տեսա մարզերից եւ գյուղերից անթիվ մարդկանց բերած այնտեղ, սենյակները լցված՝ անգամ գետնին ոտք դնելու տեղ չկար, շորեր փռած երեխաներին պառկեցրած գետնին, լացելով բարձրացա դեպի տուն, տեսա նույն իրավիճակը մեր տան դիմացի Պարկ Հոթելում, չէի մոռանա մի տղամարդու, ով պատմեց, որ չի հասցրել անգամ իր տաբատը հագներ, երեխային էր հագել էնքան արագ էին տարհանել, մայրս եւ մեր հարեւանները նրանց ուտելիք եւ հագուստ տարան։
Օրեր շարունակ քույրիկներիս ամուսիները չէին գտնվում, զինծառայողներ էին։
Իմ ու մայրիկիս Արցախի վերջին խոսակցություններն այսպիսին էին.
Մամ դիակների մեջ ոչ Գոքորին եմ գտել, ոչ Դենիսին (փեսաներս են)։
-Ինչ ես ասել քույրերիդ։
-Վստահեցրել եմ, որ իբր տեսնողա եղել, ողջ են, բայց Աստված չանի մամ, եթե զոհված լինեն, ինչ ենք անելու, շատերի դիակները չկա, իսկ շատերն անճանաչելի են։
-Բերանդ խերով բացի։
-Մամ… ու երկար լռություն…
-Հա բալես,
- Բայց մեկը ինձ ծանոթ էր, կողքի վրա էր շուռ եկած, մի կերպ շրջեցի, ոնց որ եղբորս ընկեր՝ մեր գյուղի Վիտալիկն է։ Մամ, բայց ոչ մեկին չասես, մինչեւ վստահ չլինենք ու զանգեցի եղբորս, որ գնա անձամբ համոզվի։ Ցավոք, Վիտալիկն էր…։
Ու գրեթե բոլոր ընտանիքներում նույն ցավալի խոսակցություններն էին: Շատերը օրերով չգտնվեցին ու մի կերպ շրջափակումից դուրս եկան, իսկ մինչ գտնվելը ընտանիքի անդամներն արդեն մտածում էին, եթե անգամ զոհված լինեին, գոնե դիակները գտնվեն:
Մի քանի օր անց փեսաներս Աստծու կամոք ողջ-առողջ հասան իրենց ընտանիքներին:
Իսկ Վիտալիկի հուղարկավորությանն անգամ իր մայրը չկարողացավ ներկա լինել եւ վերջին հրաժեշտը տալ տղուն, քանի որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակել էին թշնամիները։
Հետո սեփական ձեռքերով վառեցինք մեր ողջ ապրած կյանքի էջերը, աշխատավայրերի ողջ փաստաթղթերը, մեր ողջ ինքնակենսագրությունները, մեր համազգեստները…
Քաղաքը ծխի մեջ էր…
Հետո…
Հետո… կրկնապատկվեց բենզինի սարսափահար պայթյունը։
Խելագարված քանդեցի 2020թ. ռմբակոծված ու նորից վերանորոգած Ստեփանակերտի տունս, մայրս լացում էր, որ չանեմ, ավելին՝ սիրունացնում էր տունը, չլսեցի պատռեցի, քանդեցի ամեն նորը, որովհետեւ դա թշնամուս վայելքի համար չէր։
Ուզում էինք գնալ գյուղ հայրիկիս գերեզման, հրաժեշտ տալ, փակ էր ճանապարհը՝ չկարողացանք, մեր ընտանեկան լուսանկարներն անգամ չկարողացանք վերցնել գյուղի տնից ու այսօր ոչ մի լուսանկար չունենք։
Մի խոսքով, ոչինչ չվերցրեցինք, չէինք էլ կարող, որովհետեւ ավտոմեքենայիս մեջ 6 անչափահաս երեխա կար ու 4 մեծ, իրար գլխի ընկած 3 օրում եկանք հասանք անիծված Հակարի կամուրջ։
Գաղթի ճանապարհին մեծերից շատերը չէին դիմանում ու մահանում էին, մեկ էլ լսում էինք, որ երեխա է ծնվել ու թթվածին չկա, շտապ պետք է հասցնել Երեւան, իսկ շտապը 3-4 օր էր տեւում…
Հասանք կամրջին, 3 օր ղեկին՝ անքուն, սոված, ծարավ, ու ինչպես բոլորը մտածելով թե արդյոք կթողնեն անցնենք կամուրջը թե կբռնեն…
Անցա կամուրջն ու տեսնելով մեր հայերին մի դող ու լաց բռնեց ինձ…
Շատերն իրար մեջ ասում էին երեւի մրսում է, այնինչ դա վախի, լարվածության ու փրկության տենդ էր…
Մեկը բենզին էր տալիս, մեկը ջուր, մեկը՝ հաց, մեկը՝ մնալու տեղ, մեկը՝ հագուստ։
Մի քիչ հանգստացանք, դադար տվինք ու կրկին ճանապարհվեցի, չիմանալով թե դեպի ուր…
Հ.Գ. Ես 2019թ. ջրծաղիկ հիվանդությունից մի անգամ մահից փրկվածս վերադարձա Արցախ և մասնակցեցի 44-օրյա պատերազմին, ոչ մի օր չլքելով Արցախը՝ ավելին 2020թ. վերակառուցեցի վիրավոր տունս, հույս ունենալով, որ ոչ մեկը երբեք ինձ չի հանի իմ տնից, սակայն 2023թ.-ին կորցնելով ողջ Արցախ հայրենիքս, հորս գերեզմանը, հողս ու ջուրս, 3 տունս, աշխատանքս, ընկերներիս, հարևաններիս, բոլորին…
ՀԱՍԿԱՑԱ
Որ կյանքում ԱՄԵՆԱԹԱՆԿ բանը, որ մարդ պետք է ստեղծի և ունենա դա ապրած օրերն ու հիշողություններն են, դա է ՄԻԱԿ ու ՃՈԽ ԳԱՆՁԱՐԱՆԸ, որ քեզնից երբեք ոչ մեկը չի կարող խլել, ու եթե չեք հավատում, ապա ԻՄ ՍՈՒՐԲ ԱՐՑԱԽԸ ՎԿԱ:
Մեկ-մեկ երանի եմ տալիս ինքս ինձ, որ գոնե ամբողջությամբ ճանաչել եմ Արցախիս ամեն մի անկյունը, սարը, թուփը, ծառը, գյուղը, գետը ու որ ոչ մի օր տունը չեմ նստել, այլ վայելել եմ իմ լեռներիս մաքուր օդն ու աղբյուրներիս զուլալ ջուրը։
Ու թող ոչ մեկը չանցնի իմ կորուստների ճանապարհը ու եթե անցնի էլ, ապա իմ պես կյանքին սիրահարված ու անկոտրում մնա։
Ես դեռ կգամ՝ ԱՐՑԱԽ քեզ պենդ խտում:
Իսկ լուսանկարն անձամբ էի արել։
Սա էր, իրական ողջ պատկերը»։