Հատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա Հովսեփյան
«Այսօր համազգային սգո օր է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նա նշեց, որ Արցախը հիշում է միայն հաղթանակած, ոչ ծնկի եկած, արցախցիներին ընկալում է հաղթանակած, ոչ երբեք ծնկի իջած։
«Ես հիշում եմ մեր հերոս տղաների վերջին պատվո մարտը, ովքեր մինչև վերջին փամփուշտը պաշտպանել են հայրենիքը»,- ասաց Ա. Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին, որոնք նրանք բախվում են Հայաստանում, մասնավորապես բնակարանային խնդրին, Ա. Հովսեփյանն ասաց. «Սոցիալական խնդիրները շատ են, դրսում մնացած արցախցիներն արդեն չգիտեն՝ ում դուռը ծեծել։ Ես համարում եմ սա պետական քաղաքականություն, որպեսզի արցախիցները ստիպված լքեն Հայաստանը. չկա Արցախ, չկան արցախցիները Հայաստանում, չկա արցախյան էջ»։