Իլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան նախատեսված այցը չեղարկելու մասին՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով։ Նա մտադիր էր մասնակցել Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ կայանալիք «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» միջոցառմանը։
Յաշինն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում. նա ծրագրել էր այնտեղից մեկնել Երևան կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ին, այցելելու Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամաս։
«Սակայն Վաշինգտոնում գտնվելու ընթացքում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք այցի հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց խնդիրը վերաբերում է ֆիզիկական սպառնալիքին։ Ցավոք, չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին»,-հայտարարել է նա։
Նա նաև հավելեց, որ ծրագրում է սեպտեմբերի 20-ի կեսօրին այցելել Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսարանում գտնվող ընտրատեղամաս։
Հիշեցնենք, որ Իլյա Յաշինը և ընդդիմության մի շարք այլ գործիչներ առաջարկել են սեպտեմբերի 20-ին՝ Պետդումայի ընտրությունների քվեարկության վերջին օրը, անցկացնել «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» խորագրով միջոցառում։ Նրանք կոչ են արել «բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն Պուտինի վարած քաղաքականության հետ», քվեարկել այդ օրը՝ ուղիղ ժամը 12:00-ին։