«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ Շիրղոլամի
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից սեպտեմբերի 17-ին Երևանում կազմակերպվել էր «Մտորումներ TRIPP-ի մասին» աշխատաժողով։ Հրավիրյալ բանախոսներից է եղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Ermenihaber.am-ը զրուցել է նրա հետ և հետաքրքրվել թուրք-իրանական հարաբերությունների ներկա փուլով։
Իրանը Թուրքիայի հետ ունի տնտեսական շատ կարևոր հարաբերություններ։ Նաև մարդկային կապերն ու շփումներ են ակտիվ, երկու ժողովուրդների միջև տեղի են ունենում փոխադարձ այցեր։ Թուրքիայի ու Իրանի պաշտոնական հարաբերությունները քաղաքական մակարդակում ևս շատ լավ են։ Կարելի է ասել՝ օժտված են իրենց յուրահատկություններով։
Այսինքն երկու երկրների միջև ստեղծվեն հավասարը հավասարին արժանի հարաբերություններ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և դա էլ կենթադրի երկու երկրների տնտեսական շահերի ապահովում։
– Այսինքն Իրանը կո՞ղմ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, և սահմանները բացվեն։
– Իհարկե, միանշանակ կողմ է։
– Պրն դեսպան, Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է «TRIPP»-ի հարցը։ Մասնավորապես Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
– «TRIPP»-ի վերաբերյալ հիմնական քննարկումները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Այդ նախագիծն անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Քանի որ Հայաստանը մեր բարեկամն է, մենք մշտական կապի մեջ ենք։
Անշուշտ, մենք լսում ենք այլ երկրների կարծիքներն ու տեսակետները ևս, հատկապես Թուրքիայինը, բայց տվյալ հարցում մեր հիմնական զրուցակիցը Հայաստանն է։
Եթե ապաշրջափակումը, որի մասին խոսում ենք, լինի համապարփակ ու բազմակողմանի, ապա դրա միջոցով նաև Հայաստանը կապ կունենա Պարսից ծոցի հետ, մենք էլ մեր կապը կունենանք Սև ծովի հետ։ Ըստ իս՝ համակողմանի ապաշրջափակումը կլինի ի շահ բոլոր երկրների։