Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին ընդառաջ մի պատկեր, որը դժվար է անտեսել․ կառավարության շենքի լուսավորությունը, ըստ տարածվող տեսանյութերի, ասոցացվում է Ադրբեջանի դրոշի երեք գույների հետ։
Իհարկե կարելի է նաև մտածել, որ կառավարությունը դրա մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, սա պարզապես տեխնիկական կամ գեղարվեստական լուծում է, բայց պետական կառավարման շենքերի դեպքում հարցը միայն տեխնիկական չէ։ Հատկապես գործող իշխանության օրորք, երբ ամեն մի տեղի ունեցող երևույթ, ամեն արտաբերված խոսք ու կադր որևէ ուղերձ է, բայց ոչ երբեք «պատահականություն»:
Պետական խորհրդանիշների և գույների լեզուն նույնպես քաղաքական ուղերձ է, հատկապես այն երկրում, որը տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ է եղել Ադրբեջանի հետ։ Առավել ևս՝ Հայաստանի անկախության 35-ամյակին ընդառաջ։
Այն պահին, երբ պետությունը պատրաստվում է նշել իր անկախության հոբելյանը, Հայաստանի կառավարության շենքը պետք է խորհրդանշի Հայաստանի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը և պետական արժանապատվությունը։ Ոչ թե այնպիսի պատկեր ստեղծի, որը մարդկանց մոտ առաջին հերթին հարևան Ադրբեջանի դրոշի հետ ասոցիացիա է առաջացնում։
Սա արդեն պարզապես լույսերի մասին չէ։ Սա պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի մասին է։
Եվ այստեղ հարցն առավել ծանրակշիռ է դառնում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Իշխանությունը այդ քաղաքականությունը ներկայացնում է որպես խաղաղության և նոր հարաբերությունների ճանապարհ։ Սակայն դրա արդյունքում հասարակության մեջ ձևավորվել են լուրջ մտահոգություններ՝ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, սահմանների և ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ։
Այդ ֆոնին կառավարության շենքը Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելը բնականաբար չի կարող ընկալվել որպես սովորական դեկորացիա։
Իշխանությունը չի կարող մի կողմից խոսել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մասին, իսկ մյուս կողմից ստեղծել խորհրդանշական պատկերներ, որոնք այդ նույն անկախության օրը հասարակության մեջ առաջացնում են հակառակ ասոցիացիաներ։
Եթե սա իսկապես պատահականություն է, ապա թող կառավարությունը բացատրի՝ ո՞վ է որոշել այդ գույների ընտրությունը, ինչո՞ւ հենց այդ համադրությունը և ինչո՞ւ հենց անկախության 35-ամյակին ընդառաջ։
Որովհետև պետական խորհրդանիշների հարցում «պատահականություն էր» բացատրությունը բավարար չէ։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իր կառավարության շենքի վրա տեսնել Հայաստանի գույները, Հայաստանի խորհրդանիշները և Հայաստանի պետականության ուղերձը։
Իսկ եթե իշխանությունը ցանկանում է համոզել հասարակությանը, որ Հայաստանի ինքնիշխանությունը ամուր է և որևէ կերպ չի նահանջում, ապա դա պետք է ապացուցի ոչ միայն հայտարարություններով, այլև իր յուրաքանչյուր քայլի ու յուրաքանչյուր խորհրդանշական ժեստի միջոցով։
Անկախության 35-ամյակին Հայաստանի կառավարության շենքը պետք է խոսի Հայաստանի մասին։ Եվ ոչ մի դեպքում չպետք է ստիպի քաղաքացուն հարցնել՝ «իսկ սա ո՞ւմ դրոշն է հիշեցնում»։
Արմինե Մկրտումյան
Տեսանյութը՝ իշխանությանը հավատացող անգիտակից քաղաքացիներից մեկի էջից