Արքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել
Սասեքսի դուքս արքայազն Հարրին նախատեսում է վավերագրական ֆիլմ նկարահանել իր մոր՝ Ուելսի արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրել է The Telegraph-ը։
Արքայազն Հարրին ցանկանում է, որ ֆիլմի թողարկումը համընկնի Դիանայի մահվան 30-րդ տարելիցի հետ։ Նա մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը կարծում է, որ վավերագրական ֆիլմը «ամենաիմաստալից ձևով» հարգանքի տուրք կմատուցի իր մոր ժառանգությանը:
Հրատարակության տվյալներով, Հարրին դիմել է Դիանայի ընկերներին և ընտանիքին, այդ թվում՝ նրա եղբորը՝ Էրլ Սփենսերին, որպեսզի հարցնի, թե արդյոք նրանք կքննարկեն վավերագրական ֆիլմին մասնակցելու հնարավորությունը։ Աղբյուրը պարզաբանում է, որ ֆիլմի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Արքայազնն այժմ քննարկում է մոր հիշատակը հարգելու մի քանի տարբերակ։
«Ոչինչ վերջնական կամ հաստատված չէ, և նա դեռ մտածում է, թե ինչպես առավելագույնս իմաստալից կերպով պատվել նրան այս կարևոր տարում», - ասել են աղբյուրները։